Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի YouTube-յան ալիքը, որն ուներ 233 000 բաժանորդ, անհետացել է տեսանյութերի տարածման հայտնի հարթակից, ինչպես ցույց է տվել AFP-ի որոնումը։
«Այս էջը հասանելի չէ։ Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար», – նշված է այն տեղում, որտեղ նախկինում գտնվել է Մադուրոյի ալիքը։
YouTube-ը չի պատասխանել AFP-ի մեկնաբանության հարցմանը։ Վենեսուելայի կառավարությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել, սակայն Telesur հեռուստաալիքը հայտնել է, որ այն արգելափակվել է ուրբաթ օրը։
«Առանց որևէ հիմնավորման YouTube ալիքը փակվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն լիարժեք հիբրիդային պատերազմի գործողություններ է իրականացնում Վենեսուելայի դեմ, – նշված է Telesur-ի կայքում։- Թեև օգտահաշվի փակման քաղաքական բնույթը հաստատված չէ, սակայն այն բացառել նույնպես չի կարելի»։
Միացյալ Նահանգները, որտեղ տեղակայված է YouTube-ի գլխավոր գրասենյակը, ութ նավ է ուղարկել Կարիբյան ծով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։
Մադուրոն ուժերի կուտակումը որակել է որպես «ռազմական սպառնալիք» և հրահանգել է զինվորական ստորաբաժանումներ տեղակայել սահմաններին, ինչպես նաև այս շաբաթ կազմակերպել եռօրյա ռազմական վարժանքներ երկրի հյուսիսում։ Նա նաև կոչ է արել պատրաստել քաղաքացիական բնակչությանը։





























