Կալիֆորնիան դարձել է առաջին նահանգը, որն արգելել է իրավապահ մարմինների մեծամասնությանը, ներառյալ դաշնային միգրացիոն գործակալներին, ծառայողական պարտականությունների ընթացքում ծածկել դեմքը՝ համաձայն օրինագծի, որը շաբաթ օրը ստորագրել է նահանգապետ Գևին Նյուսոմը, հայտնում է Associated Press-ը։ Օրինագիծն անմիջապես քննադատվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների կողմից։
Արգելքը ուղիղ արձագանք է Լոս Անջելեսում վերջերս իրականացված միգրացիոն գործողություններին, որոնց ժամանակ դաշնային գործակալները դիմակներով մասնակցել են զանգվածային ձերբակալություններին։
Գործողությունները հանգեցրել են բազմօրյա բողոքի ակցիաների և հարկադրել նախագահ Թրամփին այդ շրջան ուղարկել Ազգային գվարդիայի և ծովային հետևակի ստորաբաժանումներ։
Նյուսոմը Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ օրինագիծը ստորագրվել է նահանգային օրենսդիրների, կրթության ոլորտի ղեկավարների և ներգաղթյալների համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, նշել է, որ Կալիֆորնիան առանձնահատուկ է նրանով, որ բնակչության 27 տոկոսը ծնվել է արտերկրում։
«Մենք նշում ենք այս բազմազանությունը։ Դա այն է, ինչ Կալիֆորնիան մեծ է դարձնում։ Դա այն է, ինչ Ամերիկան մեծ է դարձնում։ Եվ դա ճնշման է ենթարկվում», – ասել է նա։
Դեմոկրատ նահանգապետը հայտարարել է, որ նահանգը դեմ է փողոցներում դիմակավորված, առանց անձը հաստատող փաստաթղթերի կամ համարանիշների գործակալների կողմից մարդկանց ձերբակալելու պրակտիկային։
«Այդ քաղաքականության հետևանքները քաղաքի, նահանգի և ամբողջ երկրի համար սարսափելի են, – ասել է Նյուսոմը։ – Դա նման է գիտաֆանտաստիկ հակաուտոպիական ֆիլմի։ Անհայտ մեքենաներ, դիմակավորված անձինք, մարդիկ բառացիորեն անհետանում են։ Չկա պատշաճ իրավական ընթացակարգ, չկան իրավունքներ, չկան իրավունքներ ժողովրդավարական հասարակությունում, որտեղ մենք իրավունքներ ունենք։ Ներգաղթյալներն ունեն իրավունքներ, և մենք ունենք իրավունք՝ կանգնելու և հակազդելու, և հենց դա ենք անում այսօր այստեղ»։





























