Փհենյանը բաց է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը հրաժարվի Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման պահանջից, անցյալ շաբաթավերջին Գերագույն ժողովրդական ժողովի 13-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի ապամիջուկայնացման իր դատարկ մոլուցքից և պատրաստ լինի շարունակել խաղաղ համակեցությունը Հյուսիսային Կորեայի հետ՝ հիմնվելով իրականության ճանաչման վրա, մենք որևէ պատճառ չունենք հրաժարվելու Միացյալ Նահանգների հետ բանակցություններից», - Հարավային Կորեայի Ռենհապ լրատվական գործակալությունը մեջբերել է Կիմ Չեն Ընի խոսքերը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է, որ Փհենյանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային զենքից որևէ պարագայում և հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի «անշրջելի» կարգավիճակը որպես միջուկային տերություն ամրագրված է սահմանադրությամբ։

Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ ինքը «լավ հիշողություններ ունի ԱՄՆ նախագահ Թրամփի մասին»։

Խոսելով Հարավային Կորեայի հետ հարաբերությունների մասին՝ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի նստի Սեուլի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք երբեք չենք միավորվի այն երկրի հետ, որը իր քաղաքականությունն ու պաշտպանությունը վստահում է օտարերկրյա տերության», - ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։

Նրա խոսքով՝ իր երկիրը միջկորեական միավորման կարիք չունի։

Ավելին, Կիմ Չեն Ընը նշել է հանրապետության այս տարվա պաշտպանության ոլորտում ունեցած հիմնական նվաճումները։

«Մենք վերջերս տիրապետեցինք գաղտնի զենքերի և հաջողությունների հասանք պաշտպանական գիտության մեջ, ինչը զգալիորեն կնպաստի մեր ռազմական ներուժի ամրապնդմանը», - հայտարարել է նա։