Իտալիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են պաղեստինամետ հանրահավաքին: Միլանում ոստիկանության հետ դաժան բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 60 ոստիկան, նրանցից 23-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, գրում է dpa գործակալությունը: Ակցիայի մասնակիցների մեջ տուժածերի թվի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Անկարգությունները սկսվել են Գազայի հատվածի ժողովրդի հետ համերաշխության համազգային գործադուլի շրջանակում անցկացված հանրահավաքից հետո: Ականատեսների վկայությամբ՝ մի խումբ ցուցարարներ փորձել են ներխուժել Միլանի գլխավոր երկաթուղային կայարան: Ամբոխի կողմից քարեր են նետվել, հաղորդում է dpa գործակալությունը: Գերմանական DW պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը ցույց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է ցուցարարներին: «Բռնությունն ու ավերածությունները որևէ կապ չունեն համերաշխության հետ և չեն փոխի Գազայի բնակիչների կյանքը»,- ընդգծել է նա:

Լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Բոլոնիայում, Հռոմում և Թուրինում: Դրանք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի հետ միաժամանակ, որի ընթացքում Ֆրանսիան և Բելգիան, ինչպես սպասվում է, կճանաչեն Պաղեստինը որպես պետություն: