Սեպտեմբերի 22-ի երեկոյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանը կասեցրել է մուտքային և ելքային չվերթները՝ տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների պատճառով, հայտնել է Կոպենհագենի ոստիկանությունը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ երկու կամ երեք անօդաչու թռչող սարքեր են նկատվել։
Մոտավորապես երեք ժամ անց Կոպենհագենի օդանավակայանը սոցիալական ցանցերում հայտարարեց, որ վերսկսում է գործունեությունը: «Սակայն, հնարավոր են չվերթների ուշացումներ և չեղարկումներ: Ուղևորներին խնդրվում է ճշտել իրենց ավիաընկերությունների հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ հետաքննություն են անցկացնում։
Ըստ BBC News-ի՝ Flightradar24-ին հղումով, Կոպենհագեն ուղևորվող մոտ 35 չվերթներ վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ: «Հայտնի չէ, թե որտեղից են եկել անօդաչու թռչող սարքերը: Հայտնի չէ նաև, թե որտեղ են նրանք գնացել դրանից հետո», - մամուլի ասուլիսում ասել է Դանիայի ոստիկանության փոխտեսուչ Յակոբ Հանսենը։
Նորվեգիայի Օսլո քաղաքի Գարդերմյոն օդանավակայանում նկատվել է նաև մեկ անհայտ անօդաչու թռչող սարք: Գարդերմյոնի խոսնակը NRK-ին հայտնել է, որ օդանավակայանի վերևի օդային տարածքը փակ է եղել կեսգիշերից (Մոսկվայի ժամանակով 01:00-ից): Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:30-ին օդանավակայանը հայտնել է, որ չվերթները վերսկսվել են։
NRK-ն, հղում անելով Flightradar24-ի տվյալներին, հաղորդում է, որ փակվելուց առաջ տարածքում եղել է առնվազն վեց ինքնաթիռ։ Ինքնաթիռները վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ։




























