Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Պաղեստինին և Գազայի վերակառուցմանը աջակցելու համար դոնորների խումբ ստեղծելու մտադրության մասին։

«Քանի որ Պաղեստինյան ինքնավարության գոյատևումը վտանգված է, մենք բոլորս պետք է ավելին անենք։ Ահա թե ինչու մենք կստեղծենք Պաղեստինի համար դոնորների խումբ։ Ցանկացած ապագա պաղեստինյան պետություն պետք է նաև տնտեսապես կենսունակ լինի», - ասել է ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների լուծման իրականացմանը նվիրված միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Գազայի պատերազմի սկզբից ի վեր աննախադեպ օգնություն է տրամադրել Պաղեստինյան ազգային ինքնավարությանը՝ հատկացնելով 1,6 միլիարդ եվրոյի փաթեթ, բայց դա այլևս բավարար չէ։

«Մենք՝ եվրոպացիներս, կստեղծենք հատուկ գործիք Գազայի վերակառուցման համար՝ համակարգելով մեր ջանքերը այլ դոնորների հետ։ Գազան պետք է վերակառուցվի։ Պաղեստինյան տնտեսությունը պետք է վերակենդանանա»։ «Եվ ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալ այս նպատակին հասնելու ջանքերին», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։