Հունգարիան մտադիր չէ հրաժարվել ռուսական էներգամատակարարումից՝ չնայած ԱՄՆ պահանջներին: Առանց ռուսական նավթի և գազի, երկիրը, ենթադրաբար, չի կարող ապահովել էներգետիկ անվտանգությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք չենք կարող ապահովել մեր երկրի անվտանգ մատակարարումներն առանց ռուսական նավթի կամ գազի աղբյուրների», - ասել է նա։

Դոնալդ Թրամփը պահանջել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները լիովին դադարեցնեն ռուսական նավթի ներմուծումը: «Ես պատրաստ եմ Ռուսաստանի դեմ լուրջ պատժամիջոցներ կիրառել, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը», - հայտարարել է նա։

Այս պահանջները համընկել են Մոսկվային ուղղված մի շարք վերջնագրերի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Սակայն, որոշ դաշնակիցներ կասկածում են, որ Թրամփն իսկապես պատրաստ է մեծացնել ճնշումը Վլադիմիր Պուտինի վրա։

Պետական ​​MOL ընկերությունը տարեկան մոտ 5 միլիոն տոննա նավթ է ներմուծում «Դրուժբա» խողովակաշարով: Հունգարիան և Սլովակիան, որոնք դիմադրում են ԵՄ-ի պահանջներին՝ հրաժարվել ռուսական էներգամատակարարումից, մնում են հիմնական ստացողները։

Վարչապետ Վիկտոր Օրբանը մնում է Թրամփի ամենամոտ դաշնակիցներից մեկը Եվրոպայում։ Նա քննադատում է Ուկրաինան և պահպանում է աշխատանքային հարաբերություններ Կրեմլի հետ։