Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի կողմից պետական ​​արտահանման վարկի տրամադրման վերաբերյալ Թուրքիայի հետ միջկառավարական համաձայնագրի թիվ 3 արձանագրությունը և այդ համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը, հայտնել է РИА Новости-ն։

Արձանագրությունները ստորագրվել են Մոսկվայում 2024 թվականի դեկտեմբերի 24-ին և Անկարայում՝ դեկտեմբերի 26-ին։

«Արձանագրությունները մշակվել և ստորագրվել են անցյալ տարվա վերջին՝ ԱՄՆ դոլարով վճարումներին առնչվող դժվարությունները հաղթահարելու համար՝ Թուրքիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ վճարային պարտավորությունների կատարման շրջանակում»,- Պետդումայի նիստում հայտնսել է ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը։

Նա հավելել է, որ արձանագրությունները ճանաչում են թուրքական կողմի 2024 թվականին իր ժամկետանց վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը։ «Համապատասխան վճարումները կատարվել են անցյալ տարվա վերջին, ուստի առաջարկվում նաև է թուրքական կողմի նկատմամբ տույժեր չկիրառել»,- պարզաբանել է փոխնախարարը։

Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեում կարծում են, որ արձանագրությունների վավերացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին և կնպաստի Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերություններում բարենպաստ ներդրումային միջավայրի զարգացմանը։