Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 25–ի նիստում որոշեց «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ–ն միացնել «Հայփոստ» ՓԲԸ–ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրոյի» և «Հայփոստի» գործունեության նպատակներն ու խնդիրները՝ ընկերությունների միացումը թույլ կտա ապահովել վերջիններիս ռեսուրսների (նյութական, գիտական և աշխատանքային) արդյունավետության բարձրացումը:
Ընկերությունների միացման արդյունքում նախատեսվում է կառուցել Նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն:
Նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի կառուցման դեպքում կանխատեսվում է, որ 2025-2030թթ. ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ֊ի փոստային եկամուտը շարունակաբար աճելու է 39.3% կամ 2,5. մլրդ ՀՀ դրամով, իսկ համախառն շահույթը (EBITDA-ն) աճելու է 28.96% կամ 1,5. մլրդ ՀՀ դրամով: Արդյունքում Էականորեն կկրճատվեն նաև աշխատավարձային և կոմունալ ծախսերը՝ 2025-2030 թթ.-ին կազմելով 304,799,306 ՀՀ դրամ:
Կենտրոնի կառուցմամբ նախատեսվում է ներդնել նորարարական ավտոմատացված տեսակավորման համակարգեր, ինչը թույլ կտա բարելավել հաճախորդների սպասարկումը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
Արդյունքում, կենտրոնի կառուցումը ոչ միայն կբարձրացնի «Հայփոստ» ՓԲԸ֊ի մրցունակությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը կդարձնի ավելի կարևոր տարածաշրջանային լոգիստիկ հանգույց:




























