Ղրղզստանի խորհրդարանը ինքնալուծարման մասին որոշում է ընդունել, հայտնում է Կակտուս Մեդիան։
Այս հարցի վերաբերյալ զեկուցող Ուլան Պրիմովը բացատրել է, որ երկու կարևոր ընտրությունների միաժամանակյա անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական անկայունության և բացասաբար անդրադառնալ իշխանության բոլոր ճյուղերի կայուն գործունեության վրա։
Նա իր գործընկերներին կոչ է արել պետության շահերը վեր դասել իրենց անձնական շահերից և աջակցել այս նախաձեռնությանը՝ այդպիսով պատմության մեջ մտնելով որպես առաջին գումարման խորհրդարան, որը կամավոր կերպով որոշել է ինքնալուծարվել։ Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2026 թվականի նոյեմբերին, սակայն երկու ամիս անց՝ 2027 թվականի հունվարին, նախատեսված են նախագահական ընտրությունները։
Որոշման ընդունումից հետո խոսնակ Նուրլանբեկ Թուրգունբեկը հայտնել է, որ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 30-ին:





























