Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինային աջակցելու նոր քայլ է առաջարկել՝ երկրին տրամադրել գրեթե 140 միլիարդ եվրոյի վարկ՝ Եվրոպայում Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հաշվին։ Այս մասին նա գրել է Financial Times-ի համար նախատեսված իր հոդվածում։

Ըստ Մերցի՝ այդ վարկը պետք է լինի «անտոկոս և ենթակա լինի մարման միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը»։ Մինչ այդ ռուսական ակտիվները կմնան սառեցված, հաղորդում է Bild-ը։

Հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ Կոպենհագենում կայանալիք ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովում, որտեղ, ինչպես նշում են գերմանական կառավարության FT-ի աղբյուրները, այդ նախաձեռնությունը կլինի հիմնական թեման։

Խոսքը վերաբերում է ՌԴ Կենտրոնական բանկի միջոցներին, որոնք տեղակայված են ԵՄ երկրներում և սառեցվել են պատերազմի սկսվելուց հետո։ Մինչ այժմ Կիևին օգնելու համար օգտագործվել են միայն այդ ակտիվների եկամուտները, իսկ այժմ Եվրահանձնաժողովն առաջարկել է գործի դնել հիմնական գումարը։

«Գերմանիան զգուշավոր է եղել և զգուշավորե էլ մնում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի Եվրոպայում սառեցված ակտիվների բռնագրավման հարցում և դա անհիմն չէ։ Սակայն սա չպետք է մեզ հետ պահի. մենք պետք է մտածենք, թե ինչպես այդ միջոցներն ուղղենք Ուկրաինայի պաշտպանությանը»,- գրել է Մերցը։

Կանցլերը շեշտել է, որ Գերմանիան արդեն դարձել է Ուկրաինայի ամենամեծ դոնորը Եվրոպայում և կողմ է Կիևին երկարաժամկետ աջակցությանը։ «Հիմա ես կողմ եմ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը այնպիսի մասշտաբով, որը կապահովի Ուկրաինայի ռազմական կայունությունը մի քանի տարով»,- նշել է Մերցը։