ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TikTok-ի վերաբերյալ գործադիր հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս հավելվածին շարունակել գործունեությունը Միացյալ Նահանգներում, հաղորդում է Sky News-ը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել են գործարքի վերջնական պայմանները։
Հավելվածը պետք է փակվեր ամերիկացի օգտատերերի համար մինչև 2025 թվականի հունվարը, եթե դրա չինական սեփականատերը՝ Պեկինում գործող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը, չվաճառեր իր ամերիկյան ակտիվները: Սակայն Թրամփը չորս անգամ հետաձգել է արգելքը:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ գործարքը գնահատվում է մոտավորապես 14 միլիարդ դոլար։ Գործարքի համաձայն՝ ԱՄՆ-ում TikTok-ի գործունեությունը կիրականացվի նոր համատեղ ձեռնարկության միջոցով, որի բաժնետոմսերի 20%-ից պակասը կպատկանի ByteDance-ին։ Այս մասին գործարքի ստորագրումից առաջ հայտարարել էր Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
«Չինական կողմից որոշակի դիմադրություն կար, բայց գլխավորը, ինչին մենք ուզում էինք հասնել, դա TikTok-ի աշխատանքը պահպանելն էր՝ միաժամանակ ապահովելով ամերիկացիների տվյալների գաղտնիության պաշտպանությունը, ինչպես պահանջվում է օրենքով»,- ասել է Վենսը։
Թրամփն ասել է. «Ես խոսեցի նախագահ Սիի հետ։ Մենք լավ զրույց ունեցանք, ես նրան պատմեցի իմ ծրագրերի մասին և նա ասաց՝ «Գործե՛ք»։»





























