Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր` հունվարի 25-ին, այցելել են Գյումրի ու հանդիպել տեղի գործարարների, անհատ ձեռնարկատերերի եւ հաշվապահների հետ, ներկայացրել փոփոխված եւ 2012թ-ի հունվարից գործող օրենսդրական փոփոխությունները: Փոփոխությունները վերաբերում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, ստուգումների, ինչպես նաեւ ձեռնարկությունների հարկման մասին մասին օրենքներին: Ներկայացվել են շուրջ 2 տասնյակ փոփոխություններ, որոնք միանգամից մարսելը, ըստ ոլորտի մասնագետների, բավականին դժվար է: Գործարարներին անհանգստացրել է հատկապես ստուգումների եւ տուգանքների մասին օրենսդրական փոփոխությունները:
«Որոշ ծառայություններ, որոնք գործում էին հաստատագրված վճարներով, այս տարեսկզբից սկսել են գործել արտոնագրային վճարներով: Մասնավորապես, գեղեցկության սրահները, ավտոսպասարկման կայանները, թեթեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, բոլորը գործելու են արտոնագրերով: Դիմելու են տարածքային հարկային տեսչություն եւ արտոնագիր են ձեռք բերելու»,-ներկայացրել է ՊԵԿ-ի Անուղղակի հարկերի տեսուչ Արթուր Վարդանյանը:
Դահլիճում բավականին ակտիվ քննարկում է ծավալվել: Ներկաներին անհանգստացնողը հատկապես ստուգումների եւ տուգանքների մասին օրենսդրական փոփոխություններն էին: Գործարարների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այս տարվանից ավելի են խստացվել:
Դրամարկղային գործառնությունների մասին օրենքում են փոփոխություններ են եղել: ՀԴՄ չտրամադրելու դեպքում այս անգամ պատիժներն ավելի խիստ են լինելու:
«Գործարարները տարբերակվելու են ըստ ռիսկայնության, բարձր, միջին եւ ցածր: Բարձր ռիսկայնության գործարարի մոտ տարին մեկ անգամ ստուգումներ են իրականացվելու, միջին ռիսկայնության գործարարի մոտ 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնությայան դեպքում` 5 տարին մեկ անգամ»,-ներկայացրել է ՊԵԿ-ի ընթացակարգային բաժնի պատասխանատու Մխիթար Այվազյանը:
Գործարարներին անհանգստացնողը, հիմնականում ըստ ռիսկայնության գնահատման մեխանիզմն էր: «Ավելացել է փաստաթղթային գործունեությունը, իսկ դրանք խախտելու դեպքում մեխանիկորեն գործարարին համարելու են ռիսկային»,-ասել է հանդիպմանը ներկա հաշվապահ Մուշեղ Մկրտչյանը:
Հարցին, թե ի՞նչ չափորոշիչներ են գործում ռիսկայնությունը չափելու կամ աստիճանը որոշելու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը պատասխանել է. «Դրանք իքս տեսակի եւ իքս քանակի չափանիշներ են, որոնք դուրս են գալիս տարբեր բալայնության աստիճանի: Այդ չափանիշները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում փակ են ու գաղտնի: Մեր աշխատողների համար էլ են փակ, ընդամենը 3 հոգի հատուկ թույլտվություն ունեն այդ չափանիշների հետ աշխատելու»,-ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:



























