Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ենթադրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձի խոչընդոտներ ստեղծել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու ճանապարհին: Այդ մտավախությունների մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ և խոսնակ Ֆաուզի Բարհումը:
«Մենք կցանկանայինք զգուշացնել. Նեթանյահուն կարող է փորձել խոչընդոտել ընթացիկ բանակցությունները և խափանել դրանք, ինչպես որ խափանել է նախորդ փուլերը»,- ընդգծել է նա: Բարհումի խոսքերը մեջբերվել է ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան ալիքում: Արմատական ներկայացուցիչը նշել է, որ շարժումը «պատասխանատու մոտեցում է ցուցաբերել իրեն ներկայացված բոլոր առաջարկների ուսումնասիրության, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մշակած վերջին ծրգարի հարցում»:
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների հարձակման երկրորդ տարելիցի առթիվ ելույթ ունենալով՝ Բարհումը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել, որ Գազայում պետք է լիակատար և մշտական հրադադար հաստատվի, իսրայելական զորքերը դուրս բերվեն Գազայից, իսրայելցի պատանդներն «արդար փոխանակվեն» պաղեստինցի բանտարկյալների հետ, անկլավը վերականգնվի, մարդասիրական օգնությունը հասանելի դառնա և պաղեստինցիները վերադառնան Գազայի հյուսիսային հատվածի իրենց տներ:
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակեց Թրամփի «համապարփակ ծրագիրը», որն ուղղված է Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը։ Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից։ Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման սահմանմանը և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայմանը։ Իսրայելը հայտարարել է այս ծրագրի հետ իր համաձայնության մասին։ ՀԱՄԱՍ-ը հետագայում հայտնել է Գազայում պահվող բոլոր կենդանի իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները հանձնելու իր պատրաստակամության մասին։
Հոկտեմբերի 6-ի երեկոյան Շարմ էլ Շեյխում վերսկսվեցին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները։ Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես միջնորդներ, իսկ Միացյալ Նահանգները ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները։





























