Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը և հաստատել է հանրապետության պատրաստակամությունը՝ օգնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջնական կարգավորմանը։
«Մեծ հույս կա պատանդների և նրանց ընտանիքների, Գազայի պաղեստինցիների, ողջ տարածաշրջանի համար»,— գրել է նա X-ում՝ նշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդների ջանքերը։
«Ես կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել համաձայնագրի պայմանները։ Այն պետք է վերջ դնի պատերազմին և ճանապարհ բացի քաղաքական կարգավորման համար՝ հիմնված երկու պետություն ստեղծելու որոշման վրա։ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ նպատակին հասնելու գործում»,— հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ներկայացուցիչները և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլի մասին պայմանավորվածությունները։ Նրա խոսքով, այս փուլը նախատեսում է բոլոր պատանդների ազատ արձակումը «մոտ ապագայում» և իսրայելական զորքերի դուրսբերումը մինչև Գազայի հատվածի ներսում համաձայնեցված սահմանը։ Թրամփի կարծիքով, սրանք «դեպի ամուր, հուսալի և հավերժական խաղաղություն» տանող առաջին քայլերն են։




























