ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը եւ ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, այս հանգստյան օրերին կմնան Իսրայելում՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրականացումն ապահովելու համար, հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Դեռեւս կան բազմաթիվ սցեբարներ, որոնք կարող են սխալ ընթացքի հանգեցնել, ուստի մենք հետեւում ենք, որպեսզի բոլորը կատարեն իրենց պարտավորությունները, եւ որ ցանկացած թյուրըմբռնում արագ քննարկվի եւ լուծվի»,- լրագրողներին ասել է անանուն ամերիկացի պաշտոնյան։

Պարբերականի տվյալներով՝ հենց Ուիթքոֆի եւ Քուշների մասնակցությամբ է բանակցություններում առաջընթաց գրանցվել։ Դրանք սկսվել են երկուշաբթի եւ սկզբում շատ դանդաղ են ընթացել, քանի որ երկու կողմերն էլ չեն ցանկացել զիջումների գնալ, հայտնել է աղբյուրը։ Չորեքշաբթի Ուիթքոֆը, Քուշները եւ Կատարի վարչապետ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին միացել են բանակցություններին՝ ճնշում գործադրելով երկու կողմերի վրա։ «Մենք կարծում էինք, որ մեզ անհրաժեշտ կլինի եւս հինգ օր [բանակցությունների] համար»,- ասել է աղբյուրը պարբերականին։

Պարբերականը նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կիրակի այցելել Իսրայել։ Նա կարող է ելույթ ունենալ Կնեսետում, հանդիպել արմատական ​​ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ընտանիքների հետ եւ «հսկել Գազայում դեռեւս պահվողներից մի քանիսի ազատ արձակումը»,- գրել է պարբերականը՝ հղում կատարելով ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաներին։ Նրանք, սակայն, ընդգծել են, որ այս ծրագրերը վերջնական չեն եւ անընդհատ փոփոխվում են։