ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակը պետք է չափազանց արագ մեր հանրագիրը ներկայացնի ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին, որովհետև, ինչպես արդեն հրապարակել է Լուիս Մորենո Օկամպոն, բայց աղբյուրների հիման վրա իր հետաքննությունով պարզել է, որ փետրվարին ՄԱԿ-ի անձանց ապօրինի կալանավորման հարցերով հանձնաժողովը տվել է եզրակացություն, որտեղ հավաստված է, թե Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամներից Նարինե Դիլբարյանը։
«Բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննությունը ցույց է տալիս, որ հանձնախումբը ղեկավարող Հաննա Յութկիսկան ուղղակի աշխատում է որպես Ադրբեջանի պետական «Սոքար» ընկերության իրավական շահերի պաշտպան։ Այսինքն ինքն ուղղակի իրավաբան է, որը պաշտպանում է Ադրբեջանի պետական ընկերության շահերը։ Նա ունի ուղղակի առնչություններ և ֆինանսական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Դրան գումարվում է այն, որ նրա ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը քանիցս հրապարակային մամուլում և 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո հայտնել է իր ուղղակի աջակցությունը և ջատագովել է Իլհամ Ալիևի կողմից սկսած ռազմական ահաբեկչությունը և զավթողական պատերազմը։ Այսինքն ինքը բաց արտահայտվել է ադրբեջանական շահերի օգտին։
ՄԱԿ-ի կանոնակարգը պահանջում է, որպեսզի շահերի բախում ունեցող անձինք չկարողանան և չներգրավվեն նման հանձնաժողովներում, որովհետև երբ կա շահերի բախում, ակնհայտ է ուղղակի միտումը։ Այս եզրակացությունը հենց ինքն է կամայական և եթե այսպես շարունակվի և ՄԱԿ-ը հետ չկանչի այս եզրակացությունը և չձևավորի նոր հանձնախումբ համապատասխան ՄԱԿ-ի կանոնակարգի, մենք կունենանք Ադրբեջանի հանցագործ վարչախմբի կողմից նոր այսպիսի դիմումներ և նրանք Բաքվի բանտերում ապօրինի գտնվող մեր պատանդների վերաբերյալ կկարողանան գնել ու կառավարել ՄԱԿ-ը և ստանալ թղթեր՝ ապացուցելով, որ էթնիկ զտում անցկացրած ցեղասպան պետությունը չէ մեղավոր, այլ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա ինքնահռչակված Հանրապետության ազգային ազատագրական պայքարը իրականացնող գործիչներն են, իբրև թե ահաբեկիչներ։
Եթե դրանից առաջ Ադրբեջանը ուժով կարողացավ փոխել ստատուս քվոն և զավթել Արցախը, հիմա փորձում են քաղաքականապես լուծել հարցը, որ Արցախը այլևս չկա, հիմա էլ փորձում են իրավական ճանապարհով ապացուցել, որ Բաքվի բանտերում գտնվող անձինք իբրև թե կամայական չեն ձերբակալվել, այսինքն նրանց մեղսագրվելու է ռազմական հանցագործ և ահաբեկիչ լինելու մեղադրանքը։
Մենք պահանջում ենք Հաննա Յուտկովսկի գլխավորած հանձնախմբի այդ եզրակացությունը ճանաչել անվավեր, ելնելով զուտ ՄԱԿ-ի կանոնակարգից և ձևավորել նոր հանձնախումբ»,–ասաց նա։
Դիլբարյանը նկատեց, որ այս եզրակացությանը առաջին հերթին պետք է արձագանքեր Հայաստանը՝ կառավարությունը, ԱԳՆ–ն, ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչը, արդարադատության նախարարը և նաև մարդու իրավունքների պաշտպանը, որովհետև Բաքվի բանտերում գտնվող բոլոր մարդիկ ՀՀ քաղաքացիներն են։
Այո, մեր պետությունը լռում է և այս խնդիրների բարձրաձայնումը իր վրա վերցրել է Լուիս Մորենո Օկամպոն։
Հայաստանում իշխանությունը գրավված քաղաքական ուժը՝ ՔՊ–ն, ոչ միայն չի կատարում իր սահմանադրական պարտքը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, քաղաքացիների անվտանգությունը ու շահերը, այլև լռում է, ելնելով տարբեր դրդապատճառներից։
Ամոթ մեր կառավարությանը, որ լռում է և ոչինչ չի անում, բայց եթե կառավարությունը լռում է, դա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք, որ սա թույլատրելի է։ Առջևում ընտրություններ են և ՀՀ բոլոր քաղաքացիները, և միջազգային կառույցները պետք է իմանան, որ Հայաստանում կան ուժեր և ամենակարևորը քաղաքացիական հասարակություն, որը պաշտպանում է իր շահերը, իր սահմանադրական իրավունքները»,– հայտարարեց Դիլբարյանը։





























