Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` հունվարի 27-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական  խորհրդակցությունը:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ պարարտանյութի փոխադրման եւ պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվելու է կազմակերպված`  կառավարության ջանքերով եւ համապատասխան մարզպետի աջակցությամբ, իսկ համայնքապետերն արդեն տեղեկացված են, որ տեղերում պետք է կազմակերպեն բեռնաթափման, բաշխման աշխատանքները:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձվի 6000 դրամ եւ ոչ ավելի:

Անդրադարձ է եղել նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրված սերմացուի վերադարձելիության գործընթացին:

Մարզպետներին ներկայացվել է անցած տարվա համեմատ 2012թ. համայնքների բյուջեների պլանային ցուցանիշների վերլուծությունը: Փոխվարչապետը նկատել է, որ ցուցանիշների նվազեցման պարագայում պետք է ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ:

Տեղեկացվել է նաեւ, որ մարզպետարաններում նախատեսվում է ներդնել կենտրոնական գանձապետական համակարգի «գործառնական օր» ծրագիրը: Այն արդեն գործում է նախարարությունում, որի միջոցով  հնարավոր է օրական կտրվածքով հետեւել համայնքների եկամուտների հավաքագրմանը:

Բացի այդ, համայնքների հարկային  բազաների կառավարման արդյունավետության նպատակով աշխատանքներ են իրականացվում գույքահարկի եւ հողի հարկի  ավտոմատացված համակարգը հանրապետության ողջ տարածքում կիրառելի դարձնելու համար: Համակարգն արդեն ներդրվել եւ հաջողությամբ գործում է համայնքային որոշ միություններում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս: