Շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը Վաղարշապատի ավագանու ընտրություններում։ Իմ նպատակը վերջին հինգ-վեց տարում մեկն է՝ ազատվել այս իշխանութուններից, իշխանազրկել ՔՊ-ին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ՔՊ-ն չկարողացավ Վաղարշապատում վերցնել իշխանությունը»,–ասաց նա։

Վանեցյանն ընդգծեց, որ եթե իրենց չհաջողվի միանձնյա վերցնել իշխանությունը՝ պատրաստ են լինելու համագործակցել ցանկացած ընդդիմադիր ուժի հետ. «Մենք բաց ենք համագործակցության համար, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք ու ես վստահ եմ մեր թիմի վրա, մեր աշխատանքի վրա: Այս ընտրությունները պետք է դիտարկել նաև վերջին ժամանակահատվածում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա իրականացվող հարձակումների համատեքստում։

Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքն ասի, այն իշխանությանը, որը սկսել է գործել ընդդեմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել ՀՀ հոգևոր մայրաքաղաքում»,-ասաց Վանեցյանը։

Դիտարկմանը, որ  ըստ տեղեկությունների, իշխանությունը վարչական ռեսուրս է  օգտագործում, ինչպե՞ս է պայքարելու դրա դեմ «Հայրենիք»-ի թիմը, Վանեցյանը նշեց. «Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք ժպիտներով, մեր խոսքով, մեր գործով։ Ինչքան էլ իրենք վարչական ռեսուրս փորձեն կիրառել, ես վստահ եմ, որևէ արդյունքի չեն հասնի, որովհետև ՔՊ կուսակցությունը Վաղարշապատում, ես կասեի ողջ հանրապետության տարածքում այլևս այնքան ցածր վարկանիշ ունի և ընտրողների կողմից աջակցություն, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողվի հաղթանակի հասնել»։

Նա չբացառեց, որ Վաղարշապատում էլ հնարավոր են հետապնդումներ իրավապահների կողմից, ձերբակալություններ. «Բայց մենք վախենալու բան չունենք, որևէ ապօրինի բան չենք արել, և գնում ենք դեպի հաղթանակ»,-ասաց կուսակցության նախագահը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է գրող, հրապարակող Խաչիկ Մանուկյանի է թեկնածությունը։ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժ։

Քարոզարշավը մեկնարկել է այսօր և կտևի մինչեւ նոյեմբերի 14–ը։