ԱՄՆ Պետդեպարտամենտում դիվանագիտական ​​ծառայության պաշտոնների համար դիմորդների թիվը հասել է 10 տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Գերատեսչությունը այս աճը կապում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգի հետ։

«Այսօր ավելի շատ ամերիկացիներ են ցանկանում աշխատել Պետդեպարտամենտում որպես դիվանագետներ, քան վերջին տասնամյակի ցանկացած այլ ժամանակում», - ասվում է նախարարության X-ում տեղադրված հայտարարության մեջ։

Հաղորդագրությանը կից ինֆոգրաֆիկայում նշվում է, որ 2025 թվականի սկզբին Թրամփի երդմնակալությունից ի վեր Պետդեպարտամենտը դիվանագիտական ծառայության անցնելու համար 5,7 հազար դիմում է ստացել։ Նմանատիպ ցուցանիշը Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո կազմել է 1,5 հազար դիմում։

Հուլիսի 11-ին Associated Press գործակալությունը հայտնել էր, որ Պետդեպարտամենտը սկսել է զանգվածային կրճատումներ, որոնք ենթադրում են 1,3 հազար աշխատակցի կրճատում։ Դրանք դարձել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ գերատեսչության վերակազմակերպման ծրագրի մի մասը՝ ֆինանսական խնայողության և գաղափարական ուղղումներ մտցնելու նպատակով։

Ինչպես ապրիլի վերջին հայտարարել է Ռուբիոն, Թրամփի գլխավորած ամերիկյան վարչակազմը կիրականացնի Պետդեպարտամենտի «համապարփակ վերակազմակերպում»՝ նախևառաջ բյուրոկրատական ապարատը կրճատելու նպատակով։ Ըստ The Washington Post թերթի, Ռուբիոյի ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, Պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր աշխատակիցների (մոտ 80 հազարից) աշխատանքից ազատում, ինչպես նաև մի քանի հյուպատոսությունների և արտաքին քաղաքական գերատեսչության որոշ ծրագրերի փակում։ Ենթադրվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնական ապարատում կրճատման կենթարկվի անձնակազմի մոտ 15%-ը (մոտ 3,4 հազար աշխատակից)։