Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) հունվարի 29-ի երեկոյան կանխել է գործող նախագահ Բաշար Ասադի ընտանիքի անդամների երկիրը լքելու փորձը: Այս մասին տեղեկացնում է Al-Masry Al-Youm թերթը:

Բանակային նախկին սպան, անանուն մնալու պայմանով, պատմել է, որ կիրակի երեկոյան կառավարական մեքենաների շարասյունը փորձել է գնալ Դամասկոսի միջազգային օդանավակայան: Ընդդիմության զինված խմբերի եւ շարասյանն ուղեկցող թիկնազորի միջեւ փոխհրաձգություն է սկսվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Հատուկ ծառայություններին օգնության է հասել ուղղաթիռը, որը օդից պաշտպանել է ավտոմեքենաների շարասյունը, ինչից հետո մեքենաները շրջվել եւ վերադարձել են Դամասկոս:

ՍԱԲ-ի դաշտային հրամանատարի ենթադրությամբ` մեքենաներում գտնվել են Սիրիայի նախագահի կինն ու երեխաները, նրա մայր Անիսա Մահլուֆը եւ Բաշար Ասադի ազգական Ռամի Մահլուֆը երեխաների հետ: Այդ միջադեպի մասին իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:

Մինչդեռ, ինչպես հունվարի 30-ին հայտնում են արաբական արբանյակային հեռուստաալիքները, Սիրիայի կառավարական զորքերը հաղթել են ապստամբներին եւ վերադարձրել Դամասկոսի արվարձանների վերահսկողությունը:  Ըստ նրանց տեղեկությունների`արվարձաններում շարունակվում են դաժան բախումները գրոհայինների հետ, կան զոհվածներ եւ վիրավորներ:

Սիրիական ռազմական խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ մայոր Մահեր ան Նույեմին հայտնել է, որ  Դամասկոսին մերձակա շրջաններ են մտել կառավարական զորքերի հրասայլերը: Սակայն ընդդիմադիր ուժերը հեռու չեն գնացել, նրանք դեռեւս քաղաքին մոտ են գտնվում:

Բացի այդ, ան Նույեմին պատմել է մայրաքաղաքին մոտ  Գուտա օազիսում զինվորականների պառակտման մասին: Ըստ նրա` հարյուրավոր զինվորներ անցնում են կառավարական զորքերի դեմ մարտնչող գրոհայինների կողմը , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ եղած տեղեկությունների` Սիրիայի տարբեր շրջաններում  մեկ օրվա ընթացքում  բռնության զոհ է դարձել 66 մարդ, որից 26-ը` խաղաղ բնակիչներ: «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը զինծառայողների եւ Սիրիայի քաղաքացիների վրա ահաբեկիչների հարձակումների փաստեր է բերել: