ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 30-ին Սպիտակ տանը կընդունի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

Սպիտակ Տան հաղորդագրության համաձայն` նախագահները կքննարկեն ամերիկա-վրացական ռազամավարական համագործակցության հետագա խորացումը, առեւտրի, տուրիզմի, էներգետիկայի, գիտության, կրթության, մշակույթի եւ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումները: Նշվում է, որ այս տարի լրանում է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: 

Ինչպես սպասվում է, Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, որն Օբամայի նախագահության օրոք առաջին անգամ տեղի կունենա Սպիտակ տանը, ամերիկյան նախագահը «կընդգծի Վրաստանի հետ ռազմական համագործակցության կարեւորությունը` ներառյալ Աֆղանստանում միջազգային գործունեության Վրաստանի ունեցած ներդրումը»:

«Նախագահը կհաստատի միջազգայնորեն ընդունված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականությանն  աջակցությունը: Օբաման նաեւ մտադիր է քննարկել Վրաստանում սպասվող ընտրությունները եւ բարեփոխումները, որոնք թույլ կտան շարունակել Վրաստանի փոխակերպումը կայուն ժողովրդավարական պետության», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: