Բրյուսելում այսօր բացվում է Եվրամիության երկրների արտակարգ գագաթաժողովը: Գագաթաժողովի գլխավոր հարցերից են պարտքային ճգնաժամի խնդիրը, ինչպես նաեւ բյուջետային կայունության նոր միության նախագիծը, ասվում է ԵՄ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նոր միությունը կհիմնվի բյուջետահարկային համաձայնագրի վրա, որը ենթադրում է բյուջետային միջոցների ծախսման եւ պետական պարտքի ծավալների վերահսկողության խստացում: Նախատեսվում էպատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որտեղ բյուջեի դեֆիցիտը կգերազանցի 3%-ը: Նոր պայմանագրին միանալու ցանկություն են հայտնել Եվրամիության 17 երկրներ եւ եվրոպական մի շարք այլ երկրներ` բացառությամբ Մեծ Բրիտանիայի:
Միաժմանակ, գագաթաժողովի անցկացումը բավական յուրօրինակ կերպով են նշել Բրյուսելում ԵՄ բելգիական արհմիությունները: Երկրում հունվարի 29-ի ժամը 22-ից վերջին երկու տասնամյակի ամենախոշոր գործադուլն է սկսվել: Ակցիան ուղղված է տնտեսական կոշտ քաղաքականության դեմ:
Բելգիայի ամբողջ տարածքում հասարակական տրանսպորտը գրեթե լիովին կաթվածահար է եղել. Չեն աշխատում երկաթուղային գնացքները, հայտարարվել է Բելգիայի երկրորդ խոշորագույն` Շարլեուր քաղաքի օդանավակայանի փակման մասին: Միանգամայն հավանական է, որ կդադարեցվի նաեւ երկրի օդային գլխավոր դարպասի` Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքը:
Երկրի իշխանությունները ստիպված են ԵՄ առաջնորդներին գագաթաժողովին հասցնելու այլընտրանքային ուղիներ որոնել: Դրա համար կօգտագործեն Բրյուսելի օդանավակայանից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա գտնվող «Բովեշան» ռազմական օդանավակայանը: Սակայն խնդիրը նրանում է, որ ռազմաօդային «Բովեշան» կայնը չի կարող «Բոինգ-747» կամ «Աերոբուս-380» կարգի ինքնաթիռներ ընդունել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:




























