Բիշքեքում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ պիկետ է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում են հանրապետության տարածքից հանել հեռացնել ԱՄՆ-ի ավիաբազան: Պիկետի մասնակիցների ձեռքում ցուցապաստառներ են` «Յանկիներ, հեռացեք» կարգախոսներով:
Ակցիայի մասնակիցները սպառնացել են, որ եթե իրենց պայմանները չկատարվեն, իրենք բլոկադայի կենթարկեն դեպի բազա տանող ավտոճանապարհը: Նրանք նշել են, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների կողմից բաց թողնված վառելիքը անդառնալի վնաս է հասցնում ավիաբազայի մոտակայքում տեղակայված գյուղատնտեսական հանդերին, որը գնահատվում է տարեկան մի քանի հազար ամերիկյան դոլարի չափով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 29-ին Ղրղըզստանի նոր նախագահը` Ալմազբեկ Աթամբաեւը իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ղրղըզստանի միջազգային օդանավակայանում տեղակայված ամերիկյան «Մանաս» ավիաբազան պետք է փակվի, քանի որ վտանգ է ներկայացնում երկրի համար: Սակայն ավելի ուշ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում նա առաջարկել էր վերափոխել այն որոշումը, ըստ որի` 2014-ից հետո Մանաս օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմական տարանցիկ կենտրոնը վերածվելու է Տրանզիտային փոխադրումների քաղաքացիական կենտրոնի:




























