Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2028 թվականը պետական բյուջեի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 2,8%-ը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մենք այս անգամ, ի տարբերություն 2025 թվականի, որոշել ենք անցնել ֆիսկալ կոնսոլիդացիայի քաղաքականությանը և առաջիկա տարիներին, մինչև 2028 թվականը, նախատեսում ենք կրճատել պետբյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 2,8%-ը», - պարզաբանել է Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ 2025 թվականին այս ցուցանիշը կազմել է 5.5%։

«Նմանատիպ քայլերն ուղղված են կայունության պահպանմանը, պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրա անվանական մակարդակի աճի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով տնտեսական ու մարդկային կապիտալի, ինչպես նաև մեր բարեփոխումների մեջ ներդրումների սահուն ընթացքը», - ասել է ֆինանսների նախարարության ղեկավարը։

Բացի այդ, ինչպես նշել է Կառավարության ներկայացուցիչը, պետական բյուջեում առաջին անգամ ծախսերի միջնաժամկետ կանխատեսումը հաստատվել է 5 տարվա մակարդակով, այլ ոչ թե 3-ի, ինչպես նախկինում։ Ընդ որում, ծախսերի միջնաժամկետ ծրագիրը նախատեսվածից շուտ է հաստատվել։