2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ մենք բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատությամբ ավելացրել ենք 781 մլրդ դրամով կամ 136 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների կողքը մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն՝ մի հատ այս բաժակը կար 2018-ին (ցույց է տալիս սեղանին դրված բաժակը-խմբ.), մի հատ էլ այս ձևի բաժակ կողքը հայտնվել է՝ պլյուս 36 տոկոս»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ սա ոչ միայն Կառավարության ջանքն է, և այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց այն տնտեսվարողներին, որոնք աշխատում են, արդյունք են ստեղծում, հարկեր են վճարում: Նաև շնորհակալություն հայտնեց պետական ու համայնքային այն ծառայողներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու և պատշաճ հարկային հավաքագրումներ ապահովելու համար:

«Բյուջեն սենյակ չէ, որի մեջ փողերը դրած են։ Բյուջեն ընդամենը կանխատեսում է, թե մենք ինչքան ենք աշխատելու նախորդող շրջանի փորձի և տնտեսական և քաղաքական պրոցեսների վերլուծության հիման վրա։ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտային մասը, ըստ էության, մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253,4 միլիարդ դրամով կամ 8,9%-ով»,–ասաց նա։