55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բնակապահովման և այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի հետվերադարձի համակարգը զարգանալու է և 2026 թվականին հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Սա, ըստ էության, թոշակի բարձրացում է։ Ննաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որի մեջ վատ, արգահատելի ոչ մի բան չկա։

Հաջորդը, մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ, այսինքն բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Անկախ առևտրի երկու տոկոսը քաղաքացիները հետվճարի ձևով կստանան։