Մոտակա 12 տարվա ընթացքում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում 400 հեկտար անտառ կտնկվի: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Անտառատնկումը կփոխհատուցի 180 հա անտառահատմանը, որը նախատեսվում է կատարել հանքարդյունահանման նպատակով:
«Մեզ տեղեկատվություն կտրամադրվի անտառավերականգնողական աշխատանքների մասին, որը կիրականացնի շահագործող ընկերությունը: Թեղուտում եւ հարեւան համայնքներում մենք կորոշենք տարածքները, որտեղ անհրաժեշտ կլինի ծառատունկ կատարել», - նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ Թեղուտյան հանքավայրը, ըստ երկրաբանական հետազոտության տվյալների, Հայաստանում պղնձի պաշարների առումով երկրորդն է (1,5 միլիոն տոննա), ինչպես նաեւ պարունակում է մոտավորապես 100 հազար տոննա մոլիբդեն: 2012 թվականի առաջին եռամսյակի վերջին հանքավայրում կսկսվեն հանքանյութի հայտնաբերման եւ արդյունահանման աշխատանքները: Շահագործումը կսկսվի 2013 թվականի երկրորդ կեսին: Հանքավայրը կշահագործվի «Armenian Copper Programme» (ACP) ՓԲԸ-ի կողմից, որը մտնում է «Vallex Group»-ի կազմի մեջ: ACP-ը շահագործում է Ալավերդիի պղնձի եւ պղնձաձուլական գործարանը:



























