Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կազմակերպելու վերաբերյալ Դատախազությունից ստացված նյութերով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221 հոդվածի հատկանիշներով՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլի մեկնարկից 1 օր առաջ գյուղերից մեկում բարեգործական միջոցառում էր իրականացվել, որին մասնակցել էին իշխող ուժի ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, որը ընտրություններին մասնակցում է ՔՊ կուսակցության ցուցակի առաջին համարով։ Բաժանվել էին նվերներ, մատուցվել սնունդ։

«Ականատես» դիտորդական կազմակերպությունը փաստի առնչությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից նյութերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։