Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի են ունեցել «Թուրքեր դուրս» և «Թուրքեր, չքվեք» կարգախոսներով բողոքի ցույցեր՝ տեղի բնակչի վրա թուրք և ադրբեջանցի քաղաքացիների մասնակցությամբ կատարված հարձակումից հետո։ Դրա մասին հայտնել է տեղական «Vijesti» լրատվական գործակալությունը։
«Կենսաթոշակառուների, հաշմանդամների և փոխհատուցման կուսակցության» նախագահ Մոմո Յոքսիմովիչը լրագրողներին ասել է, որ մարդիկ սպասում են արդարադատության, մինչդեռ պետությունը լռում է։
«Մենք պետք է ուժ ցույց տանք, ցույց տանք, որ պետությունն ունի ոստիկանություն և բանակ»,- նշել է նա։
Ցուցարարները նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ կարգախոսներ են վանկարկել և ջահեր վառել։



























