Պաբլո Պիկասոյի (1881-1973) նկարը, որը նախկինում համարվում էր կորած Իսպանիայում ցուցահանդեսի համար տեղափոխման ժամանակ, ամբողջ այդ ընթացքում գտնվել է տեղի դռնապանուհու մոտ․ նա պատահաբար վերցրել էր այն։ Այս մասին հաղորդել է El País թերթը։
Հոկտեմբերի 6-ին Գրանադայի CajaGranada մշակութային կենտրոնը, որտեղ նախատեսված էր ցուցահանդեսի անցկացումը, հայտնաբերել է, որ աշխատանքը կորել է։ 18 օր շարունակ ոստիկանությունը հարցաքննել է երկու վարորդներին, որոնք պետք է նկարը բերեին Մադրիդից, նրանք հետեւել են միկրոավտոբուսի երթուղուն եւ ուսումնասիրել անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Բացի այդ, Լուվրի աղմկահարույց կողոպուտի ֆոնին ոստիկանությունը չի բացառել երկու դեպքերի միջեւ կապը։
Բայց պարզվել է, որ աշխատանքը, որը, ըստ երեւույթին, մոռացել էին իրենք՝ տեղափոխողները, իրականում վերցրել էր 69-ամյա դռնապանուհին։ «Ես գտա փաթեթը՝ դռանը հենած»,- ասել է նա։- Ես կարծում էի, որ ադա Amazon-ից է կամ նման մի ինչ-որ բան»։ «Ես այն տարա դռնապանի սենյակ»,- նշել է կինը՝ ավելացնելով, որ հույս ուներ, որ ինչ-որ մեկը կգա այն վերցնելու։ Ինչպես նշել է թերթը, նրան հարցաքննելուց հետո ոստիկանությունը հասկացել է, որ խոսքը սխալմունքի մասին է եղել։
Հոկտեմբերի 24-ին իրավապահ մարմինները հաստատել են, որ հայտնաբերել են Պիկասոյի նկարը։ 1919թ․ նկարված ոչ մեծ աշխատանքն ապահովագրված է 600 հազար եվրոյով։



























