Հայաստանի կառավարությունը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում կտրամադրի «Հանա-Տրանս» ընկերությանը` Լեռնային Ղարաբաղում արդյունահանված ածուխը Երեւան հասցնելու համար:

Արտոնություն տրամադրելու հարցը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստի օրակարգում: Ըստ կառավարության կայքէջում տեղակայված տեղեկատվության` «Հանա-Տրանս» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ԼՂՀ Մաղավուզի շրջանից ածուխի փոխադրումը Վարդենիսի երկաթուղային հանգույց, որտեղից, «Հասա Գրուպ» ընկերության միջոցով, երկաթուղով ածուխը կհասցվի Երեւան: Այն կիրառվելու է որպես ջուր-ածխաջրածնային վառելիք` ապահովելով «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից  էլեկտրաէներգիայի ստացում:

Բեռնափոխադրումների կազմակերպման համար «Հանա-Տրանս»-շվեդական SCANIA ընկերությունից ձեռք է բերել 40 ինքնաթափ ավտոմեքենաներ, որի համար ներդրումները կազմում են մոտ 1.9 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար):

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել մոտ 50 աշխատատեղ` 180 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: