ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է Սիրիայի գծով նոր բանաձեւի քննարկումները`ելնելով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջարկությունից, որը բռնության անմիջապես դադարեցման եւ նախագահ Ասադի հրաժարականի կոչ է անում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ում, նախազգուշացրել է, որ Սիրիայում իրադրությունն օրեցօր վատանում է` հասցնելով երկիրը քաղաքացիական պատերազմի սահմանագծին: Նա նշել է, որ նախագահ Ասադի ուժերը պատասխանատվություն են կրում համարյա ամբողջ բռնության համար, որի հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչները: Ինչքան Սիրիայի ավելի շատ քաղաքացիներ են զենքի դիմում վարչակարգի դաժանություններին դիմակայելու նպատակով, այնքան ուժեղանում է բռնության` վերահսկողությունից դուրս գալու վտանգը:

Քլինթոնը ԱԽ-ի անդամներին կոչ է արել աջակցել եվրոպա-արաբական համատեղ նախագծի բանաձեւին, որը ներառում է ԱՊԼ-ի առաջարկություն` փոխանցել իշխանությունը Ասադի տեղակալին ընտրությունների նախապատրաստական շրջանում:
ՄԱԿ-ի ԱԽ-ի Նյու Յորքում իր ելույթի ժամանակ Քաթարի նախարար շեյխ Համադ բին Յասսիմ ալ Թանին կոչ է արել կանգնեցնել Սիրիայում «մարդկանց ոչնչացնող մեքենան»:

Իր հերթին, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հասկացրել է, որ Ռուսաստանը չի աջակցի Ասադի հրաժարականի պահանջով բանաձեւին: Ռուսաստանը դեմ է  այդ «ներքին հակամարտությանը» խառնվելուն:

ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ ունենալով` Վիտալի Չուրկինը նշել է, որ Ռուսաստանը հենց սկզբից էլ փորձում է հասնել նրան, որ սիրիական ժողովրդին իրավունք տրվի ինքնուրույն որոշել անհրաժեշտ փոփոխությունների ուղիներն ու ձեւերը:

ԱԽ-ի նիստին մասնակցում են նաեւ բրիտանական արտգործնախարար Ուիլյամ Հեյգը  եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, ինչպես նաեւ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, որը մտադիր է բանաձեւին կողմ ելույթ ունենալ: 

Ուիլյամ Հեյգը, ելույթ ունենալով նիստի սկսվելուց առաջ, նշել է, որ եթե  ԱԽ-ում Ռուսաստանն օգտվի վետոյի իր իրավունքից, ապա նրան արաբական աշխարհում մեկուսացում է սպառնում: 

Արեւմտյան դիվանագետները հայտնել են, որ բանաձեւի նախագծի քվեարկությունըհազիվ թե տեղի ունենա փետրվարի 2-ից կամ 3-ից շուտ, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը: