Բելգիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն անհիմն կերպով է մեղադրում ռուսաստանյան զորքերին՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վնասման համար։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նման եզրակացությունները որակել է հապճեպ և անհիմն, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Դեսպանատանը ենթադրել են, որ Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքը կարող էր վնասվել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգից արձակված հրթիռների բեկորներից։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն հարվածների պլանավորման ժամանակ հաշվի է առնում դիվանագիտական առաքելությունների տեղակայումը Ուկրաինայի տարածքում։
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զեկուցել է Ուկրաինայի տարածքի վրա հարվածների մասին։ Ըստ հաղորդագրության, ռուսաստանյան զորքերը հարվածներ են հասցրել ռազմաարդյունաբերական համալիրի և վառելիքաէներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Կիրառվել են, այդ թվում, «Կինժալ» հիպերձայնային բալիստիկ հրթիռներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է երկրի դեսպանատան տարածքում։ Մոսկվան Բաքվի մեղադրանքները չի մեկնաբանել։ Նոյեմբերի 15-ին Մաքսիմ Պրևոն մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում բնակելի թաղամասերի և խաղաղ բնակչության նկատմամբ դիտավորյալ հարվածների համար։




























