Կիրակի օրը Չիլիի քաղաքացիները քվեարկել են նոր նախագահի և խորհրդարանի ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը։

Սա հարավամերիկյան երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլն է։ Հարցումները ցույց են տալիս, որ ոչ մի թեկնածու չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, որն անհրաժեշտ է երկրորդ փուլից խուսափելու համար։ Երկրորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 14-ին։

Առաջին հայացքից ընտրությունները ներկայացնում են դրամատիկ ընտրություն՝ երկու ծայրահեղությունների միջև։ Նրանք են՝ 51-ամյա Ջանեթ Հարան՝ կոմունիստական հայացքներ ունեցող և նախկինում ձախակողմյան կառավարության աշխատանքի նախարարը, և 59-ամյա Խոսե Անտոնիո Կաստը՝ իրավաբան, ծայրահեղ պահպանողական և նախկին պատգամավոր, որը հանդես է գալիս աբորտների դեմ։

Սակայն ընտրողների մտահոգությունը կապված է հանցավորության աճի հետ, որը նրանք կապում են Վենեսուելայից ճգնաժամի ֆոնին աճած ապօրինի ներգաղթի հետ։ Այս ֆոնին քարոզարշավը կենտրոնացել է հասարակական անապահովության թեմայի շուրջ՝ միավորելով հակադիր դիրքորոշումներ ունեցող թեկնածուներին։

Քվեարկության տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին և փակվել 18:00-ին։ Արդյունքները սպասվում են ողջ գիշեր։

Առաջին անգամ Չիլիի պատմության մեջ ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին պարտավորեցրել են քվեարկել նախագահական ընտրություններում։ Վերջերս երկրում վերականգնվել է պարտադիր քվեարկության կարգը, որը դադարեցվել էր 2012 թվականին։ Ընտրողների գրանցումը այժմ իրականացվում է ավտոմատ կերպով, ինչի շնորհիվ միլիոնավոր մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն գրանցվել, այս անգամ առաջին անգամ մասնակցում են նախագահական ընտրություններին։ Ովքեր չեն քվեարկի, կարող են տուգանվել մինչև 100 դոլար։