Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է «արհեստական» կամ սինթետիկ միսն արգելող օրենքի օգտին, հաղորդում է Telex-ը։

Արգելքը վերաբերում է կենդանիների բջիջներից կամ հյուսվածքներից արհեստական ​​պայմաններում, կենդանի օրգանիզմից դուրս, մեկուսացված կամ արտադրված արտադրանքին։ Դա նշանակում է, որ այն չի վերաբերում բուսական սպիտակուցներից, մասնավորապես՝ սոյայից, ոլոռից կամ ցորենից, ջրիից և հավելանյութերից կազմված վեգան մսի փոխարինիչներին։ Օրենքն ընդունվել է 140 կողմ, 10 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հունգարիայի գյուղատնտեսության նախարարությունն անցյալ ամռանը հանրային քննարկման է ներկայացրել լաբորատոր պայմաններում աճեցված մսի արտադրությունն ու վաճառքն արգելելու իր ծրագրերը, սակայն գրեթե մեկ տարի ոչինչ չի արվել։

Այս տարվա մարտին փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը խորհրդարանին է ներկայացրել գյուղատնտեսության նախարար Իշտվան Նագիի ստորագրությամբ առաջարկը։ Արգելքից բացառություն է նախատեսված միայն բժշկական և անասնաբուժական նպատակներով արտադրվածին։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը լաբորատոր պայմաններում աճեցված մսի հարցին անդրադարձել էր իր 2024 թվականի տարեվերջյան ելույթում, որում նշել էր, որ Բրյուսելը ցանկանում է հունգարացիներին ստիպել թարմ, տեղական արտադրության մսի փոխարեն արհեստական ​​և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի միս օգտագործել: