ՄԱԿ-ի ԱԽ-ի բանակցությունների ընթացքում կողմերը Սիրիայում ճգնաժամի խաղաղ կայունացման նախագծի հարցում որոշակի առաջընթացի են հասել: Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի` 3 ժամ բանակցություններից հետո կողմերն առաջընթացի հասան բանաձեւում նշված ձեւակերպումները եւ մանրամասները քննարկելիս:
Դիվանագետները նաեւ նշել են, որ ոգեշնչված են քննարկման ժամանակ նոր կառուցողական դիրքորոշումից, հայտնում է «Ռոսբալտը»` հղում անելով BBC-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Չուրկինը հայտարարել էր այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը մտադիր է որեւէ զիջումների չգնալ Սիրիայի հարցով: Չուրկինը նաեւ նշել էր, որ ՌԴ-ը չի աջակցի Սիրիա զենք ներկրման վրա էմբարգո կիրառելու որոշումը:
ՄԱԿ-ի ԱԽ-ում վերանայվում է այսպես կոչված «մարոկկյան» բանաձեւը, որում չի բացառվում Սիրիայում արտաքին ուժերի կողմից ռազմական միջամտությունը: Այնտեղ հավանության է արժանանում նաեւ ԱՊԼ-ի նախագիծը, որը նախատեսում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: ՌԴ-ում կարծում են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը իրավունք չունի Սիրիային պարտադրել երկրի խնդիրները լուծելու իր որոշումը: Մասնավորապես, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կտրուկ դեմ է ելույթ ունեցել Սիրիայում լիբանանյան սցենարի կրկնությանը:




























