Եմենում առեւանգված ՄԱԿ-ի չորս աշխատակիցները ազատվել են: Այս մասին փետրվարի 1-ի երեկոյան հայտարարել է երկրի էլեկտրաէներգետիկայի նախարար Սալեհ Սումային, որը գլխավորում էր գրոհայինների հետ բանակցությունները:
Նա պատմել է, որ ՄԱԿ-ի չորս աշխատակիցներին, ինչպես նաեւ նրանց ուղեկցող Եմենի երկու բնակիչներին գրոհայինները ազատել են հենց այն շրջանում, որտեղից հունվարի 31-ին պատանդ էին վերցվել: AFP-ի հետ զրույցում նա պատանդներին ազատելու  գործողությունների ոչ մի մանրամասներ չի հայտնել:

Իր հերթին ՄԱԿ-ի աշխատակիցներին առեւանգած գրոհայիններից մեկը Reuters-ին հայտնել էր, որ պատանդները կազատվեն միայն փետրվարի 2-ի առավոտյան: Նրա խոսքով` Եմենի իշխանությունները ցանկացել են կատարել գրոհայինների պահանջները Սանայի բանտից ազատել նրանց գործընկերոջը: «Նախկին բանտարկյալին արդեն հանձնել են բանակցողներին, սակայն պատանդները դեռեւս մեզ մոտ են: Փոխանակումը կկատարվի առավոտյան», - ասել է նա, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, գրոհայինները ՄԱԿ-ի աշխատակիցների խմբի վրա էին հարձակվել Մահվիթ նահանգում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կից «Հումանիտար ծրագրերի կոորդինացման բյուրոյի» աշխատակիցները Սանա էին վերադառնում Հարդ քաղաքի փախստականների ճամբարից: Պատանդներին ազատելու դիմաց գրոհայինները իշխանություններից պահանջել էին բանտից ազատել իրենց ընկերոջը: