Հարավային Լիբանանում Լիտանի գետի ափին գտնվող Այնատա և Թեյր Ֆալսայ գյուղերի բնակիչներն Իսրայելի բանակից նախազգուշացում են ստացել իրենց տարածքում տեղակայված շիաների «Հըզբոլլահ»-ի բազաների վրա սպասվող հարվածի մասին, հաղորդում է տեղական Al Jadeed հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի հաղորդագրության՝ Իսրայելի ռազմական խոսնակ Ավիխայ Էդրին X-ում արաբերենով տարածած տեսաուղերձում բնակիչներին պահանջել է լքել քարտեզի վրա նշված կարմիր գոտում գտնվող իրենց տները։
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները սկսել են հարվածել Լիբանանի հարավի Դեյր Քիֆա և Շեհուր գյուղերում տեղակայված «Հըզբոլլահ»-ի ռազմական թիրախներին։ Ավիահարվածը տեղի է ունեցել բնակիչներին վտանգավոր տարածքները լքելու մասին զգուշացումից մոտ մեկ ժամ անց։ Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Չորեքշաբթի կանխարգելիչ տարհանում է իրականացվել Տյուր նավահանգստային քաղաքի մի քանի թաղամասերից, որտեղ նույնպես ստացվել էին սպասվող ավիահարվածի սպառնալիքներ։
Վերջին օրերին Իսրայելի զինված ուժերը բազմիցս գրանցել են դիմադրության ուժերի ավերված ենթակառուցվածքներն ամբողջ Լիբանանում վերականգնելու «Հըզբոլլահ»-ի անդամների փորձերը։ Իսրայելի կառավարությունը նման գործողությունները 2024 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված երկկողմանի հրադադարի համաձայնագրի խախտում է համարել։





























