ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստների համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին ծաղրածու է անվանել ԴՊՀ շենքի թանկարժեք վերանորոգման պատճառով։ Նա այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա գործարար ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Ես սիրում եմ Դաշնային պահուստների համակարգի [նախագահի] աշխատանքը. դա աշխարհի ամենահեշտ աշխատանքն է։ Դու խաղում ես գոլֆ 28-29 օր, իսկ հետո գնում և փոքրիկ ելույթ ես ունենում»,- այսպես է նկարագրել Թրամփն այն աշխատանքը, որով զբաղվում է Փաուելը։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը նաև նշել է, որ ըստ տվյալների՝ Դաշնային պահուստների համակարգի նախագահի համար զեկույցներ պատրաստելով զբաղվում է 3000 տնտեսագետ։
«3000 տնտեսագետ։ Ահա թե ինչու են նրանք 4 միլիարդ դոլար ծախսում 25 միլիոն դոլարանոց վերանորոգման վրա,- շարունակել է Թրամփը,- Այդ ծաղրածուի ղեկավարությամբ նրանք հասան 4 միլիարդ դոլարի»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թրամփը Դաշնային պահուստների համակարգի նոր նախագահի ընտրության վերաբերյալ որոշում կընդունի մինչև Սուրբ Ծնունդ՝ դեկտեմբերի 25-ը: Դաշնային պահուստների համակարգի այժմյան նախագահ Փաուելի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսին։
Թրամփը բազմիցս խստորեն քննադատել է Դաշնային պահուստների համակարգն ու անձամբ Փաուելին, քանի որ ԴՊՀ-ն իր բազային տոկոսադրույքը բավականաչափ ագրեսիվ կերպով չի նվազեցրել: Նախագահը պնդել է, որ կենտրոնական բանկը դիտավորյալ չի արել դա՝ ԱՄՆ կառավարության վարկային ծախսերը բարձր պահելու համար: Սպիտակ տունը պնդել է, որ Դաշնային պահուստների համակարգն առաջնորդվել է քաղաքական շահերով, և որ նրա կառավարիչների խորհրդում ներառված են բազմաթիվ մարդիկ, որոնք դեմ են Թրամփին։





























