Հետաքննությունների դաշնային բյուրոն ձգձգել է 2024 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի Ներկայացուցիչների պալատի հետաքննությունը՝ նրա վրա կրակած անձի՝ Թոմաս Մեթյու Քրուքսի մասին կարևոր տեղեկություններ թաքցնելով: Դրա մասին հաղորդել է The New York Post-ը՝ հղում անելով հետաքննությանը մասնակցող երկու կոնգրեսականների:

Քրուքսի սոցիալական ցանցերում ակտիվության վերաբերյալ նոր տվյալները, որոնք ավելի վաղ չեն հանձնվել Կոնգրեսին, ներառում են քաղաքական բռնության բազմաթիվ հավանություններ, քաղաքական գործիչների սպանության կոչեր և ինքնաշեն ռումբեր պատրաստելու հրահանգներ: Կոնգրեսականներ Մայք Քելլին և Փեթ Ֆալոնը հայտարարել են, որ ՀԴԲ-ն հետաքննության ընթացքում երբեք չի հանձնել այդ ֆայլերը և նոր հետաքննություն սկսելու կոչ են արել:

2020 թվականի օգոստոսին թվագրված մեկ գրառման մեջ Քրուքսը գրել է. «Կառավարության դեմ պայքարելու միակ միջոցը ահաբեկչական ոճի հարձակումներն են՝ ռումբ մտցնելով կարևոր շենք և պայթեցնելով այն, նախքան որևէ մեկը կտեսնի ձեզ, և փորձելով սպանել [պաշտոնյաներին]»:

Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսի 13-ին՝ Փենսիլվանիայում նրա քարոզարշավի ժամանակ։ Նախագահի թեկնածուի վրա կրակել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը. մեկ փամփուշտ թռել է Թրամփի գլխից միլիմետր հեռավորության վրա՝ խոցելով նրա ականջը։ Քրուքսին սպանել են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, նախագահի թեկնածուներին և նախկին առաջնորդներին պաշտպանող ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները։