ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի պաշտոնանկությունը, եթե նրան չհաջողվի Դաշնային պահուստային համակարգին համոզել իջեցնելու հիմնական տոկոսադրույքը։ Թրամփը դրա մասին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա գործարար ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Անդրադառնալով Դաշնային պահուստների համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին՝ Թրամփը պահանջել է, որ ֆինանսների նախարարն «ազդի նրա վրա»։ «Նա հոգեկան հիվանդ է, նրա հետ ինչ-որ բան այն չէ»,- ասել է Թրամփը, որը պարբերաբար քննադատում է Դաշնային պահուստների համակարգի նախագահին՝ հիմնական տոկոսադրույքը հետևողականորեն չնվազեցնելու համար։

«Անկեղծ ասած, ես ուրախ կլինեի նրան ազատել աշխատանքից։ Նրան պետք է ազատել աշխատանքից, նա լիովին անձեռնահաս է, և նրան պետք է դատի տալ փոքր շենքի կառուցման վրա 4 միլիարդ դոլար ծախսելու համար»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Դաշնային պահուստների համակարգի կենտրոնակայանի վերանորոգման ծախսերը։

«Դու պետք է աշխատես նրա վրա, Սքոթ։ Միակ բանը, որ Սքոթը չի կարողանում կարգավորել, Դաշնային պահուստների համակարգն է, քանի որ տոկոսադրույքը չափազանց բարձր է։ Եվ եթե դու շուտով չկարգավորես դա, Սքոթ, ես քեզ աշխատանքից կազատեմ»,- ասել է Թրամփը ֆինանսների նախարարին։ Նա միաժամանակ Բեսենթին «բանականության ձայն»՝ է անվանել, նշելով, որ ֆինանսների նախարարը դեմ է Դաշնային պահուստների համակարգի ղեկավարի պաշտոնանկությանը։

Թրամփը բազմիցս խստորեն քննադատել է Դաշնային պահուստների համակարգին և անձամբ Փաուելին՝ հիմնական տոկոսադրույքը բավականաչափ ագրեսիվ կերպով չնվազեցնելու համար։ Նախագահը պնդում էր, որ Դաշնային պահուստների համակարգը դիտավորյալ չի արել դա՝ ԱՄՆ կառավարության վարկային ծախսերը բարձր պահելու համար։ Սպիտակ տունը պնդում էր, որ Դաշնային պահուստների համակարգը ղեկավարվում է քաղաքական շահերով, և որ նրա կառավարիչների խորհրդում ընդգրկված են շատերը, ովքեր դեմ են Թրամփին։

Դաշնային պահուստների համակարգն իջեցրեց հիմնական տոկոսադրույքը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Այն ներկայում գտնվում է 3,75%-4%-ի միջակայքում։