Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդիրն ուշադրության կենտրոնում կպահի նաեւ Պուտինի վերադարձից հետո: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ զինված ուժերի ռազմական քոլեջին կից ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ստեֆան Բլանկը: Նրա խոսքով` ներքին խնդիրների վրա կենտրոնանալը չի նվազեցնի Մոսկվայի ուշադրությունը ղարաբաղյան խնդրի նկատմամբ:
Ռուսաստանը միշտ էլ ղարաբաղյան գործընթացում եղել է ամենաազդեցիկ գործող անձը, եւ այդ միտումը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի` նույնիսկ Սոչիում հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումի անարդյունք ավարտից հետո: Մոսկվայի կողմից 2008թ նախաձեռնված եռակողմ հանդիպումների ձեւաչափը եւս, ըստ ամենայնի, կպահպանվի:
«Այս տարի խաղաղ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց չեմ ակնկալում: Սակայն կարելի է վստահաբար ասել, որ Ռուսաստանի ներգրավվածությունը կմնա նույն մակարդակին` հաշվի առնելով թեմայի շուրջ Պուտինի կոշտ հայտարարությունները»,-ասաց Բլանկը:
«Վերջին քսան տարվա ընթացքում Ռուսաստանի շուրջ քաղաքական ինտեգրացիայի միտում գոյություն ունի, եւ Մոսկվան ԱՊՀ-ի համախմբումը կպահպանի որպես իր արտաքին քաղաքական գերակայություններից մեկը»,-ավելացրեց փորձագետը:




























