2011թ հանրապետությունում արձանագրվել է 2319ավտովթար, որի հետեւանքով զոհվել է  327  մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 3354  մարդ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը, հավելելով, որ տարին ամփոփում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի եւ դրանց հետեւանքների աճով:

2010թ համեմատությամբ  պատահարների թիվն աճել է  345-ով, զոհերի թիվը` 33-ով, վիրավորների թիվը` 684-ով: «Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ գրանցվում են նման քանակի ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի մեջ կա եւ բնական եւ արհեստական աճ»,- ասաց Նորիկ Սարգսյանը: Բնական աճը, նրա խոսքով, պայմանավորված է մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների ներմուծմամբ, մասնավորապես` 2010-2011թթ ՀՀ ճանապարհատրանսպորտային միջոցների պարկը թարմացվել է մոտ 50 հազար եվրոպական արագընթաց տրանսպորտային միջոցներով։  Իսկ արհեստական աճը, Նորիկ Սարգսյանի խոսքով, պայմանավորված է ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ, երբ ոչ մի դեպք դուրս չի մնում պետական հաշվառումից, վարորդները փոքր վթարի դեպքում  էլ ճանապարհային ոստիկան են կանչում, օգտվում իրենց իրավունքներից:

Նրա խոսքով` պատահարների աճի գրեթե կեսից ավելին տեղի է ունեցել ի հաշիվ մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած պատահարների։

Նշենք, որ 2011թ  մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 232 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 8, մարմնական վնասվածք ստացել 246 երեխա: 2010թ համեմատությամբ 8 զոհ նվազել է: