Եգիպտոսի քաղաքական տարբեր ուժերի, երիտասարդական, հասարակական խմբավորումների ներկայացուցիչները, ինչպես նաեւ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուները պահանջել են Ազգային ժողովից անվստահություն հայտնել Քամալ ալ-Գանզուրի կառավարությանը` Պորտ-Սայիդ քաղաքում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով, որի հետեւանքով զոհվել է 74 մարդ:

Նման որոշում է ընդունվել Եգիպտոսի քաղաքական ուժերի արտակարգ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Կահիրեում, փետրվարի 2-ի գիշերը: Նիստի մասնակիցները պահանջել են Ազգային ժողովից ճնշում գործադրել ռազմական ղեկավարության վրա` նախագահական ընտրությունները արագացնելու եւ երկրի իշխանությունները քաղաքական կառույցներին փոխանցելու համար:

Միաժամանակ, «Ալ-Ահլի» ակումբի երկրպագուները ակցիա են կազմակերպել Կահիրեում` հեռուստակայանի շենքի առջեւ: Նրանք պահանջել են կառավարության հրաժարականը, ինչպես նաեւ ՆԳՆ-ում արմատական բարեփոխումների անցկացում: Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել լրագրողներին եւ առավոտյան ծրագրերի հաղորդավարներին մտնել հեռուստակայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ փետրվարի 1-ի երեկոյան Պորտ-Սայիդում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ «Ալ-Ահլի» եւ «Ալ-Մասրի» թիմերի միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով զոհվել է 74 մարդ եւ տուժել` 300 մարդ:
Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ-Սայիդում ձերբակալել է 47 հոգու, նրանց կասկածում են անկարգությունների հրահրման մեջ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: