Երեւանի 10 բանուկ խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքավորումների եւ 15 վայրերում տեղադրված արագաչափ սարքերի շնորհիվ  2012 թ հունվարին ավտովթարների քանակը նվազել է մեկով, իսկ վիրավորների թիվը` 16-ով:  Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանն` հավելելով, որ 15 օրերի ընթացքում շոշափելի արդյունք կա:

Այս օրերին ընթացքում, նրա խոսքով, 10 հազար խախտում է արձանագրվել, 8921 որոշում է կայացվել եւ ուղարկվել քաղաքացիների հասցեներով, ինչպես նաեւ 1808 իրավաբանական հարցում է ուղարկվել` վարորդի անձը ճշտելու համար: Ըստ որում` խախտումների մեջ մեծ թիվ են կազմում շքեղ ավտոմեքենաները` «գոլդ» համարանիշներով, իսկ  10-20 տոկոսը բաժին է ընկնում տաքսիներին եւ երթուղայիններին։

Նորիկ Սարգսյանի կանխատեսմամբ` մեծ արդյունք է սպասվում վթարների եւ դրանց հետեւանքների նվազման առումով, առավել եւս, երբ նախատեսվում է մինչեւ տարեվերջ տեղադրել 15 տեսանկարահանող  եւ 50 արագաչափ սարք: Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ խախտումների հետեւանքով կատարված վճարումների 70 տոկոսը բաժին է ընկնելու ներդնող կազմակերպությանը, իսկ 30 տոկոսը՝  ՃՈ-ի արտաբյուջետային հաշվին։ 

«Ոչ ոք չի կարող որեւէ մեկին տեսանկարահանված խախտման համար պահանջվող գումարը չվճարել, որովհետեւ կա երկակի վերահսկողություն, եւ ներդնող կազմակերպությունն է վերահսկում, եւ Ճանապարհային ոստիկանը, վարչական պատասխանատվությունից չեն ազատվելու»,- ասաց Նորիկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է զանազան հնարամիտ միջոցների դիմելուն, որպեսզի տեսանկարահանող սարքերը չարձանագրեն համարանիշը, ապա Նորիկ Սարգսյանի խոսքով`  իրենք ՃՈ-ի մեքենայի վրա օգտագործել են տարբեր տեսակի լաքեր, քսայուղեր եւ որեւէ կերպ չի հաջողվել թաքցնել համարանիշը, ընդհակառակը` ավելի լավ է երեւում։ «Միակ ելքն այն է, որ համարանիշը փակեն ինչ-որ թաղանթով, կտորով, սակայն դա չի վրիպելու ոստիկաններից, արձանագրվելու է առանց համարանիշի ավտոմեքենա եւ պետք է տուգանվի 100  հազար դրամ»,- ասաց նա` հավելելով, որ  նմանատիպ դեպքեր արձանագրվել են, երբ ուշ ժամերին որոշ վարորդներ օրինակ «ֆոլգայով» փաթաթել են համարանիշը եւ փորձել խախտումներ անել` մտածելով, որ այդ ժամին ոստիկաններ չեն լինի:

Ամփոփելով` Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով առաջացող խցանումները, երեք փողոցներում փոխվել են թույլատրելի արագության սահմանները: Այսպես,  Աճառյան փողոցում արագաչափ սարքը կնկարահանի այն մեքենաները, ովքեր կընթանան 80կմ/ժ արագությունից ավելի, Սարալանջի ճանապարհին սահմանվել է 70 կմ/ժ արագություն, իսկ Երեւան-Սեւան ճանապարհին`  նորից 70 կմ/ժ: