ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը դժվար թե ղեկավարի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական շտաբը: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ 2008թ-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի 11 մարզային կառույցների շտաբների ղեկավարներից  7 –ը «Ազատ դեմոկրատներում» են, հետեւաբար լավ փորձ ունեն շտաբներ ղեկավարելու առումով:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ հնարավոր դաշինքին, Արզումանյանը նշեց, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում: «Դա ես չեմ ասել: Դա հին չինացիք են ասել: Բայց չեմ բացառում համգործակցությունը ընտրությունների վերահսկման, կեղծիքները բացառելու հարցում, ինչպես Դաշնակցության, այնպես էլ մնացած ընդդիմադիր ուժերի հետ»,- ավելացրեց Նա:

Ի դեպ, Ա. Արզումանյանը նշեց, որ հավատում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ընթացող պայքարին, քանի որ ըստ նրա, այդտեղ շահերի խնդիր կա: «Այստեղ այդքան կարեւոր չի համամասնությունը, որքան քաղաքական դաշտի նկատմամբ հեգեմոնիան պահելու հարցը: Վերարտադրվելու առումով դա շատ կարեւոր է: Այստեղ պետք է հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն այս ընտրությունները դիտարկում է որպես նախաբան նախագահական ընտրություններից առաջ»,-ամփոփեց նա: