ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը զերծ է մնում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` անմիջապես նախագահական ընտրություններից առաջ հայկական օրինագծի ընդունման անկեղծության մեկնաբանումից:
«Թե ինչքանով է Սարկոզին անկեղծ, չգիտեմ: Տարբեր կարծիքներ կան, որ դա Սարկոզիի խաղն է: Բայց կարծում եմ, որ դա շատ կտրուկ կարծիք է: Մյուս կողմից, Սարկոզին կարող էր ավելի շուտ ստորագրել օրինագիծը: Սակայն այս դեպքում արդեն հնարավոր կլիներ բողոքարկել օրինագծի ոչ թե սահմանադրականությունը, այլեւ` օրենքի», - լրագրողների հետ հանդիպմանը նշել է Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե կընդունվի արդյոք վերջնական որոշում «հայկական օրինագծի» հարցով մինչեւ նախագահական ընտրությունները, թե ոչ, ապա Մանոյանը հիշեցրել է, որ եթե Սահմանադրական խորհուրդը որոշի, որ օրինագիծը չի հակասում Սահմանադրությանը, ապա ամեն ինչ պարզ է: «Իսկ եթե որոշի, որ օրինագիծը մասամբ կամ ամբողջովին հակասում է Սահմանադրությանը, ապա հնարավորության հավանականություն էլ չկա, որ մինչեւ ընտրություններ ինչ-որ բան կփոխվի», - նշել է ՀՅԴԴ-ի ներկայացուցիչը: Ըստ նրա` Սահմանադրության մասնակի համապատասխանության դեպքում օրինագծի վերանայումը կտեղափոխվի Ազգային ժողով, իսկ ամբողջովին անհամապատասխանության դեպքում նախագահ Սարկոզին խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել:
«Հարցը կարող է դրված լինել Ազգային ժողովի քննարկման օրակարգում, եւ գործընթացը կարող է շարունակվել նաեւ նախագահական ընտրություններից հետո: Այդպիսով, մինչեւ նախագահական ընտրություններն ԱԺ-ի օրակարգում կլինի կամ օրենք, կամ օրինագիծ: Ամեն դեպքում էլ, կարեւոր է, որ Ֆրանսիայի հայ համայնքը գործում է համատեղ, շարունակում է պայքարը, եւ ես վստահ եմ, որ աշխատանքը նույն ոգով էլ կշարունակվի», - եզրակացրել է Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ցեղասպանությունների ժխտումը , այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ էր ընդունել: Սակայն մի խումբ սենատորներ այն բողոքարկել են Սահմանադրական խորհրդում:



























