ԱՄՆ խաղաղության ծրագրի նախագծի վերջին տարբերակից հանվել է այն կետը, որը նախատեսում էր սառեցված ռուսական ակտիվներից Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին հատկացնել մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Այդ դրույթի հեռացումը, գրում է գործակալությունը, լավատեսություն է առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։ Սկզբնական առաջարկը նախատեսում էր, որ ԱՄՆ-ն կստանա այդ ակտիվներից ստացված շահույթի 50%-ը, իսկ չօգտագործված սառեցված միջոցները կուղղվեն ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամ։
ԵՄ երկրները փորձում են ռուսական սառեցված ակտիվների օգտագործման իրավական մեխանիզմներ մշակել։ Այդ ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 միլիարդ եվրո, արգելափակված է Բելգիայի Euroclear հարթակում։ Դեպոզիտարիան բազմիցս դեմ է արտահայտվել դրանց բռնագրավմանը՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից դատական գործընթացների միջոցով աշխարհի այլ վայրերում եվրոպական կամ բելգիական ակտիվների բռնագրավմանը։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան անպայման կպատասխանի եվրոպական երկրների գործողություններին, եթե ռուսական ակտիվները բռնագրավվեն։ Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արձագանքը ԵՄ երկրների կողմից Ուկրաինային «փոխհատուցման վարկեր» տրամադրելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը շատ կոշտ և ցավոտ կլինի։





























