ԱՄՆ Պետքարտուղարությունը վենեսուելական Cartel de los Soles թմրակարտելը միջազգային ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։ Որոշումն ընդունվել է նոյեմբերի 16-ին, իսկ համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են նոյեմբերի 24-ին։
Վենեսուելայի իշխանությունները ինչպես հայտարարել է արտգործնախարար Իվան Հիլը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «նոր հերյուրանքը» վճռականորեն մերժել են»։ Ըստ Վենեսուելայի արտգործնախարարի՝ Cartel de los Soles-ը «գոյություն չունի»։
Ըստ CNN հեռուստաալիքի՝ փորձագետները կարծում են, որ Պետքարտուղարության որոշումը կընդլայնի ԱՄՆ-ի կարողությունները Վենեսուելայի տարածքում ռազմական հարվածներ հասցնելու համար։
Cartel de Los Soles-ը («Արևների կարտել»), ըստ CNN-ի փորձագետների՝ միասնական, կենտրոնացված մաֆիոզ կարտել չէ, ինչպես Կոլումբիայի և Մեքսիկայի հանցավոր կազմակերպությունները։ Ավելի շուտ, խոսքը պաշտոնյաների, զինվորականների և ուժայինների խմբի մասին է, որոնք կասկածվում են կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանցերի և տարբեր կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապերի մեջ։ Միացյալ Նահանգներում կարծում են, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Cartel de Los Soles-ի առաջնորդներից մեկն է։
Թրամփի վարչակազմը Վենեսուելային մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ բավարար պայքար չձեռնարկելու մեջ։ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները հրթիռային հարվածներ է հասցնում վենեսուելական նավերին, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր են տեղափոխում։
Թմրանյութերի դեմ պայքարի իր արշավի շրջանակում Թրամփը մեծ զորախումբ է ուղարկել Վենեսուելայի ափ։ Դա ենթադրություններ է առաջացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ցամաքային գործողություն Վենեսուելայի դեմ՝ Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նպատակով։
Ըստ The New York Times-ի աղբյուրների՝ Միացյալ Նահանգների հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ երկու-երեք տարվա ընթացքում։ Աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը մերժել է այդ ծրագիրը։




























